EcoServ նախագծի իրագործման հիմքում մասնակցային մոտեցումն է, որը ենթադրում է բոլոր շահառուների շարունակական ներգրավվածությունը գիտելիքների կարիքի մշակման, համակարգային վերլուծության, գիտելիքի մատակարարման և զարգացման ապագա ուղղությունների մշակման աշխատանքներում:
Այս ենթատեքստում 2023 թվականի ապրիլի 19-ին կազմակերպվեց EcoServ-ի առաջին աշխատաժողովը, որի շեշտադրումը տարբեր մասնագիտությունների (կենսաբաններ, էկոլոգներ, տնտեսագետներ, աշխարհագետներ, սոցիոլոգներ, իրավաբաններ, մշակութաբաններ, կառավարման, զբոսաշրջության, տվյալագիտության և այլն) ներկայացուցիչների միջև կայուն համագործակցության հաստատումն է և նախագծի իրագործման ընթացքում գիտելիքի համատեղ հենքի ստեղծումը։
Աշխատաժողովի ընթացքում տարբեր բուհերից և գիտահետազոտական կենտրոններից թվով մոտ երեսուն մասնագետներին EcoServ-ի թիմը ներկայացրեց էկոհամակարգային ծառայությունների հիմնական հայեցակարգը, միջգիտակարգային համագործակցության անհրաժեշտությունը և կարևորությունը։ Մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ քննարկվեցին էկոհամակարգային ծառայությունների կառավարման հիմնական մարտահրավերները, Հայաստանում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները և առաջնահերթ գործողությունները։
Աշխատաժողովի ավարտին ներկայացվեցին Ecoserv նախագծի նպատակների շրջանակում հետագա համագործակցության հնարավորությունները։