Նախագծի մասին
Էկոհամակարգային ծառայությունների գնահատում մասնակցային մոտեցմամբ՝ Հայաստանի ջրային ռեսուրսների կայուն կառավարման նպատակով - EcoServ







Ընդհանուր նկարագիր
Հայաստանի ջրային էկոհամակարգերը ունեն բարձր խոցելիություն՝ բնակչության խտությամբ, ջրի մաքրման կայանների բացակայությամբ և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված։ Հայաստանը դասվում է ջրային բարձր սթրես ունեցող երկրների շարքին, որը բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսության և էներգետիկ անվտանգության վրա: Հատկապես այդ ազդեցությունը մեծ է Սևանա լճի վտակների վրա, որոնց մի մասը սեզոնին չորանալով՝ վատթարացնում է տեղաբնակների ապրուստը և շրջակա միջավայրի կայունությունը։ Մյուս կողմից, էկոհամակարգային ծառայությունների կառավարման կրթական և օրենսդրական բացերը ավելի են բարդացնում այս մարտահրավերների հաղթահարումը որոշում կայացնողների և շահառուների համար:






Նախագիծը նպատակ ունի
Զարգացնել էկոհամակարգային ծառայությունների գնահատման կարողությունները Երևանի պետական համալսարանում և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում
Մշակել «էկոհամակարգային ծառայությունների կառավարում» դասընթաց ԵՊՀ Կառավարման մասնագիտությամբ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար
Մշակել էկոհամակարգային ծառայությունների գնահատման շրջանակ Հայաստանյան մակերևութային ջրերի կառավարման համար

Նախագծի շահառուները և թիրախները
EcoServ նախագիծը հիմնված է քաղաքացիական գիտության (Citizen Science), մասնակցային և միջգիտակարգային մոտեցումների վրա, որում ներգրավված են տարբեր շահագրգիռ կողմեր, մասնավորապես՝ հետազոտողներ, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, տեղական համայնքների բնակիչներ, գյուղատնտեսներ և ոլորտի այլ մասնագետներ։ Հատուկ ուշադրություն է դարձված կանանց շրջանում կայուն ձեռնարկատիրության զարգացմանը։ Նախագիծը միտված է տարբեր միջոցառումների իրականացմամբ զարգացնել շահառուների հմտություններն ու կարողությունները՝ երկարաժամկետ արդյունք ապահովելու նպատակով: EcoServ-ը՝ համագործակցելով տեղական և պետական կառույցների հետ, նպաստում է համայնքային և ազգային ռազմավարական ծրագրերի մշակմանը: EcoServ նախագծի նպատակները համահունչ են APPEAR ծրագրի հետևյալ թեմատիկ ուղղություններին՝ շրջակա միջավայրի պաշտպանություն, բնական ռեսուրսների կայուն կառավարում, կրթություն, գենդերային հավասարություն և պետական կառավարում։
Նախագիծը նպատակ ունի նաև իր ներդրումն ունենալ ՄԱԿ հետևյալ թիրախներում՝ ԿԶՆ 4 «Որակյալ կրթություն», ԿԶՆ 6 «Մաքուր ջուր և սանիտարական վիճակ», ԿԶՆ 15 «Կյանքը ցամաքում»։
EcoServ թիրախային
տարածքներ
EcoServ նախագծի ուսումնասիրման օբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հրազդան գետի ավազանի և Սևանա լճի արդյունաբերության, գյուղատնտեսության և հանգստի առանցքային ոլորտներները: Հրազդան գետը (141 կմ)՝ սկիզբ առնելով Սևանա լճից, ապահովում է Հայաստանի արդյունաբերական արտադրանքի գրեթե 50%-ը։ Սևանա լիճը Կովկասի տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրի աղբյուրն է, որի հավասարակշռությունը խախտվել է միջավայրի տարբեր սթրեսորների ազդեցության պատճառով։ Հիմնական մարտահրավերներից են անկայուն և թույլ զարգացած զբոսաշրջությունը, ինչպես նաև տնտեսական խորքային խնդիրների պատճառով ձկնագողության բարձր մակարդակը: Այս տարածքները ոչ միայն բնական արգելոցներ են, այլև կրում են նշանակալի մշակութային ժառանգություն, որոնք հաճախ անխնա են շահագործվում: EcoServ նախագիծը նպատակ ունի լուծել այս փոխկապակցված բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրները՝ առաջարկելով կայուն զարգացման համապարփակ լուծում:
Այս տարածքները ոչ միայն բնական արգելոցներ են, այլև կրում են նշանակալի մշակութային ժառանգություն, որոնք հաճախ անխնա են շահագործվում: EcoServ նախագիծը նպատակ ունի լուծել այս փոխկապակցված բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրները՝ առաջարկելով կայուն զարգացման համապարփակ լուծում:
Էկոհամակարգային ծառայությունները
կրթական համակարգում
էկոհամակարգային ծառայությունները (ԷԾ) էկոհամակարգերից ստացվող օգուտներն են (բարիքները) կամ էկոհամակարգի բաղադրիչների ներդրումը մարդկության բարեկեցիկ կյանքի ապահովման գործում։ Էկոհամակարգի կենդանի և անկենդան բաղադրիչների փոխազդեցությամբ ստեղծվում է մարդու կողմից մշտապես օգտագործվող բնական կապիտալը։ Հետևաբար էկոհամակարգերն ունեն մարդկության բարեկեցիկ կյանքը, առողջությունը և առհասարակ կենսապայմանները ապահովող ծառայություններ մատակարարելու հսկայական ներուժ։ Մինչդեռ Հայաստանում ցածր է ԷԾ վերաբերյալ հանրային իրազեկվածությունը, իսկ ոլորտը կարգավորող օրենքներում և այլ նորմատիվ ակտերում զուտ հիշատակվում են ԷԾ առանձին տեսակներ: Ավելին, առկա է էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ գիտելիքի բաց։ Մյուս կողմից, Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում թույլ է զարգացած միջգիտակարգային և քաղաքացիական գիտություն մոտեցման կիրառումը առարկայական ծրագրերի մշակման գործընթացներում, ինչպես նաև թույլ է ակադեմիական և իրական աշխարհի միջև կապը: Այս առումով միջազգային համագործակցությունը կարող է մեծացնել համալսարանների հետազոտական և դասավանդման ներուժը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի ներդնելու նոր դասընթաց էկոհամակարգային ծառայությունների կառավարում, որը կնպաստի ակադեմիական միջավայրում ԷԾ գնահատման կարողությունների զարգացմանը և ԷԾ վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։